Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի կամ դրա ներկայացուցչի կողմից երբևէ զինված հեղափոխության կոչ լսե՞լ եք»

«Որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի կամ դրա ներկայացուցչի կողմից երբևէ զինված հեղափոխության կոչ լսե՞լ եք»
20.03.2009 | 00:00

«ԵՎՍ ՄԻ ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԱՐՍԵԼ»
Երևանի քաղաքապետի ընտրությունը ներքաղաքական դաշտում նոր իրադրություն է ստեղծել, ինչը պայմանավորված է հիմնականում ընդդիմության թեկնածուի անակնկալ առաջադրմամբ։ Թեմայի շուրջ զրուցում ենք ՀԺԿ ներկայացուցիչ ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
-Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրմամբ ընդդիմությունն անակնկալ մատուցեց և՛ իշխանությանը, և՛ հասարակությանը։ Ինչո՞վ էր պայմանավորված ընդդիմության այս քայլը։
-Կոնգրեսը տրամաբանական, ճիշտ քայլ կատարեց։ Այս գաղափարի ջատագովներից մեկը հենց մեր կուսակցությունն է եղել։ Շատ էր շոշափվում, որ ընդդիմության ցուցակը կգլխավորի ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, բայց մեր կուսակցության ներսում քննարկումներից հետո եկանք այն եզրակացության, որ սա լոկ քաղաքապետի ընտրություն չէ, այլ մեր պայքարի շարունակությունն է։ Այն պայքարի, որը մեկ տարի առաջ այս կազմով սկսել ենք։ Սա ավելին է, քան քաղաքապետի ընտրությունը։ Հաղթելով քաղաքապետի ընտրություններում` մեր վերջնական նպատակն է երկրում վերականգնել սահմանադրական կարգը։
-Շատ է շրջանառվում այն տեսակետը, որ ընդդիմությունն այս ընտրությունը քաղաքականացնում է։ Այս գնահատականին համամի՞տ եք։
-Ես զարմանում եմ` էդ մարդիկ չե՞ն հասկանում, որ այս ընտրությունները համամասնական ցուցակով են ընթանալու, ու դրանց կարող են մասնակցել միայն քաղաքական ուժերը։ Իհարկե, այս ընտրությունները քաղաքականացված են, իհարկե, քաղաքապետի պաշտոնը նաև քաղաքական է։ Նման բան ասող սակավամիտներին անհրաժեշտ է հասկացնել, որ խոսելուց առաջ է մտածել պետք։ Այդ օրենքը դուք եք ընդունել, ու չի կարելի քաղաքականապես այդքան տգետ լինել։
-Արդյո՞ք առաջին նախագահն այս քայլով «իմիջազրկվում է», ինչպես իշխանության ներկայացուցիչներն են պնդում։
-Սրա պատասխանն առաջին նախագահն է տվել դեռևս իր առաջին ելույթում։ Նա ասաց` ինձ օգտագործեք որպես գործիք երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար։ Իսկ նախագահական ընտրությունների ժամանակ, որին մասնակցում էր, չէի՞նք կարող այդպես մտածել, քանի որ տեսնում էինք, թե ում հետ ենք պայքարում։ Կարող էինք, չէ՞, այդ կերպ մտածել։ Բայց Տեր-Պետրոսյանն այդ բոլորը` նման մտածելակերպը, մեծամտությունն ու մյուս այլ գործոնները մի կողմ է թողել և գալիս է օրինական իշխանությունը վերականգնելու։ Ի՞նչ է, եթե այսօր ԱԺ-ի պատգամավորներ են, վաղը նրանց պատիվ չի՞ բերի գնալ որևէ գյուղում գյուղապետ աշխատել։ Իսկ ի՞նչ է եղել, որ։ Եթե հասարակությանը, ժողովրդին, քո երկրին պիտանի ես, էական չէ, թե որտեղ կաշխատես։ Խնդիրն այն է, որ մարդավայել, օրենքի սահմաններում աշխատես։
-ՀԱԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականում ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն է։ Հնարավո՞ր է, որ Տեր-Պետրոսյանի առաջադրումը խորհրդանշական լինի, այսինքն` հաղթանակի դեպքում քաղաքապետ դառնա Դեմիրճյանը։
-Մեր ցուցակում, գիտե՞ք, որն է խորհրդանշականը. այն, որ ցուցակի առաջին երկու հորիզոնականում երկրի ընտրված նախագահներն են։ Տեր-Պետրոսյանը պաշտոնավարել է ութ տարի, իսկ Ստեփան Դեմիրճյանը 2003-ին ընտրվել է նախագահ, բայց վարչախումբն իշխանությունը զավթել է, թույլ չի տվել ընտրված նախագահն իր լիազորությունները ստանձնի։
-Մրցակցության առումով մտավախություն չունե՞ք, որ իշխանական, հատկապես ՀՀԿ-ի թեկնածուի ընտրվելու հավանականությունն ավելի մեծ է, քանի որ կա վարչական լծակներն օգտագործելու հնարավորություն։
-Բնականաբար, մենք միամիտ չենք ու կարծում ենք, որ ընտրական ավելի վատ մեթոդներ են կիրառվելու այս ընտրություններում։ Այս իշխանությունները չեն փոխվել, ոչ մի դրական տեղաշարժ իրենց գործելակերպի մեջ չի եղել։ Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ Երևանում իշխանություններին ավանդաբար ոչ մի ընտրության ժամանակ հեշտ չի հաջողվում ընտրակեղծիքներ կատարել (նկատի ունեմ համապետական ընտրությունները, իսկ այս ընտրությունը ևս այդպիսին եմ համարում)։ Այնպես որ, Երևան քաղաքում ընդդիմությունը միշտ էլ ուժեղ է եղել ու հաղթել է` սկսած 1995-96 թվականներից։ Կարծում և համոզված եմ` այսօր հաղթելու լավ հնարավորություն կա, ու նաև ժողովուրդը լավ է տրամադրված «ո՛չ» ասելու այս իշխանություններին, կլանային վարչախմբին։
-Եթե, այնուամենայնիվ, ընդդիմությունը պարտվի, չե՞ք կարծում, որ հասարակությունը խոր հիասթափություն կապրի։
-Կարծում եմ, ևս մի կեղծված ընտրություն իշխանությունները չեն կարող մարսել։ Չեն կարողանալու կեղծել, որովհետև լրիվ ուրիշ իրավիճակ է հիմա, ընդդիմությունն ավելի ուժեղ է։ Մարտի 1-ից հետո մեր երկրում շատ բան է փոխվել, երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակն էլ ապացուցեց, թե նախորդ տարիների ընթացքում ինչ խաղեր են տվել դոլարի հետ, տրանսֆերտներից ինչքա՜ն են յուրացրել։ Հիմա էլ կուրսը բաց են թողել, դրսից փող չի գալիս, իսկ դոլարի կուրսը բարձրացրել են։ Այս ամենից տուժում են թոշակառուները, աշխատավարձով ապրող մարդիկ։ Դրա համար էլ ուզում ենք, որ երկրում լինի իշխանություն` ընտրված ժողովրդի կողմից, որը հաշվետու կլինի ժողովրդի առջև։
-Անդրադառնանք նաև այս տարվա մարտի 1-ից հետո կոնգրեսի որդեգրած մարտավարությանը։ ՀԱԿ-ն ընտրեց սահմանադրական պայքարի ճանապարհով գնալու տարբերակը։ ՀԺԿ-ն կողմնակի՞ց է այս գործելաոճին։
-Ոչ թե ընտրեց սահմանադրական պայքարի ճանապարհը, այլ վերահաստատեց այն, քանի որ մինչև այժմ կոնգրեսն ու նրա մեջ մտնող քաղաքական ուժերը միշտ էլ այդ ուղիով են շարժվել։
-Բայց մինչ այդ չէիք ասում` «ո՛չ» հեղափոխությանը։
-Եթե մեկ տարի առաջ կեղծված ընտրություններից հետո առաջին նախագահը դիմում էր սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքները վիճարկելու, ապա սա նշանակում է, որ նա գնում է սահմանադրական ճանապարհով։ Այդ իշխանություններն էին, որ հակասահմանադրական ճանապարհով ժողովրդին ջարդեցին։ Ասել է` որդեգրված է եղել սահմանադրական ճանապարհը։ Հետ գնանք 2003 թվական. կրկին սահմանադրական ճանապարհն էինք ընտրել` դիմելով Սահմանադրական դատարան։ Իսկ «հեղափոխություն» բառը պետք չէ այդպես ընկալել։ Կա զինված հեղափոխություն, մարդու գիտակցության հեղափոխություն, գիտության հեղափոխություն և այլն։ Որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի կամ դրա ներկայացուցչի կողմից երբևէ զինված հեղափոխության կոչ լսե՞լ եք։ Իհարկե` ոչ։
-2003-ին ՀԺԿ-ն ևս որդեգրեց սահմանադրական ճանապարհով գնալու մարտավարությունը, որն արդյունք չտվեց։ Մտահոգություն չունե՞ք, որ այս անգամ էլ նույնն է լինելու։
-Այս հարցը ժողովրդի մեջ միշտ շոշափվում է։ Սա լրիվ հասկանալի է, քանի որ մարդիկ ուզում են օր առաջ հասնել արդարության, վերականգնել իրենց իրավունքները, երկրում ստեղծել օրինական իշխանություն։ Բայց սա պայքար է, որի արդյունքները մեկ-երկու տարում տեսանելի չեն կարող լինել։ Օրինակ, ես այս պայքարի մեջ եմ արդեն տասը տարուց ավելի։ Մենք չենք հուսահատվում, այլ շարունակում ենք պայքարը։ Համոզված ենք, որ այս տարի, հենց նույն քաղաքապետի ընտրություններով առաջ ենք գնալու։ Սա լինելու է երկրում սահմանադրական կարգը վերականգնելու սկիզբը։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2623

Մեկնաբանություններ